«Իրատեսի» հյուրն է գրող, հրապարակախոս, գեղանկարիչ ՆԱՆԵՆ, որ մասնագիտությամբ բժիշկ է, և այդ հանգամանքը ոչ մի պարագայում չի շրջանցում նրան ու նրա ընթերցողներին:
«ՍԽԱԼՆԵՐԸ ՀԻՄԱ ԿՅԱՆՔԻ ՆՈՐՄ ԵՆ ԴԱՐՁԵԼ»
-Նանե, ես քեզ ճանաչել եմ իբրև պոետի, բայց հիմա իմ ձեռքին է «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» էսսեների և հրապարակախոսական հոդվածների ժողովածուն, որում բարձրացված ցավոտ խնդիրներին այդքան խորությամբ անդրադառնալու փաստն ինքնին պիտի պոետի հոգու համար կաթվածահարող, շանթահարող մի բան լինի: Ճի՞շտ են զգացողություններս:
-Ճիշտն ասած՝ այսօրվա իմ հրապարակագրության նախածիլերը, երևի թե, դեռ մանկության օրերից են ինձ հետ: Սկզբնական շրջանում գերակշռողը բողոքն էր աշխարհում եղած բազմաթիվ անարդարությունների դեմ: Այդ ժամանակ ես երազող էի. պառկում էի ու երազում, թե ինչպես եմ փոխում աշխարհը, մեր երկիրը: Մի քանի օրում մտովի ամեն ինչ իր տեղն էի դնում: Դա ինձ համար շատ հեշտ էր: Տեսնում էի, թե որտեղ է սխալը, ինչ պետք է անել, որ այն ուղղվի, և ամեն բան կարգի էր ընկնում: Դա իսկապես էլ հեշտ է: Պարզապես սխալները հիմա կյանքի նորմ են դարձել, ու մենք անում ենք սխալ սխալի հետևից: Իրականում պարզը, ճիշտը, գեղեցիկը ավելի հեշտ է ստեղծել, եթե, իհարկե, հոգիդ բաց է:
-Ասելիքիդ շարժառիթը ընթերցողների և հենց ինքդ քեզ համար հիմնավորելու կարիքն ունես ասես, երբ գրում ես. «Իսկ որ ես այսքան փորձեցի ճեղքել այդ վարդագույն թմբիրը, ի՞նչ փոխվեց: Գիտեմ, որ գուցե և՝ ոչինչ, բայց գոնե ինքս իմ առաջ չեմ կանգնի գլխահակ ու ամոթահար, թե՝ եկա… տեսա… լռեցի…»: Չլռելուց ինչ-որ բան տեղաշարժվո՞ւմ է:
-Եթե զգայի, որ իմ չլռելով ոչինչ չի փոխվում (չեմ ասում՝ սարեր եմ շուռ տալիս), չէի գրի: Միշտ գրում եմ այնպիսի բաների մասին, որոնց մասին ուրիշները չեն գրում: Սկզբում գրում էի՝ չսպասելով, թե ինչ-որ բան կփոխվի: Բայց մտածում էի՝ գոնե մարդիկ կիմանան, կտեղեկանան: Հետո, հուրախություն ինձ, զգացի` ինչ-որ բան իսկապես փոխվում է:
-Օրինակ՝ ալյուրի հարստացման թեման, որ արծարծում ես քո հրապարակագրության մեջ, ինձ շատ անհանգստացրեց: Մանավանդ որ ես քեզ ընկալեցի ոչ միայն իբրև հրապարակագրի, այլև բժշկի: Հիմա մենք գիտենք, թե կյանքի համար ինչ հակացուցված հավելումներ է պարունակում մեր օգտագործած ալյուրը: Եվ ի՞նչ: Չէ՞ որ դատապարտված ենք ուտելու այդ ալյուրից պատրաստված հացն ու այլ մթերքներ:
-Դատապարտված չենք, եթե իրազեկված լինենք և պայքարենք: ՈՒղղակի մեզ այնքան են տարբեր հոգսերով ծանրաբեռնում, որ չենք կարողանում կոնկրետ մեկի վրա կանգ առնել ու լուծումներ գտնել: Չեն հերիքում ուժն ու էներգիան, բայց երևի թե պիտի կարողանանք այդ ուժն ու էներգիան ինչ-որ տեղից պեղել, մի բան անել: Մեր շուրջը հիմա առողջ մարդ չկա: Դա նորմալ չէ, ողբերգություն է, սարսափելի է: Եթե ընդամենը մի քանի տարվա մեջ մեր աչքի առաջ շատ մեծ արագությամբ աճում է հիվանդ մարդկանց տոկոսը, սա չի կարող չսարսափեցնել: Հիմա շաքարախտը կարծես դարձել է համաճարակ: Քաղցկեղն է շատ տարածված: ՈՒ ժողովուրդը չի հավատում, թե ինչ-որ բան կարելի է անել այդ հիվանդությունների դեմ: Այսօրվա ավագ սերունդը՝ իրեն նախորդած սերունդների նման, բավական երկարակյաց է, որովհետև կյանքի սկզբում եղել է առողջ, իր ներսում կուտակել է ինչ-ինչ ռեսուրսներ, որոնց հաշվին դիմակայում է հիվանդություններին: Իսկ ի՞նչ է սպասում միջին և երիտասարդ տարիք ունեցողներին: Նրանք չեն կարող երկարակյաց լինել, այն առողջությունը չունեն, նրանց օրգանիզմը չի կարող հիվանդությունների դեմ երկար պայքարել: Ես այս ամենը շատ խորությամբ հասկանում եմ՝ իբրև բժիշկ: Մոդիֆիկացված սննդի թեմային անդրադարձել եմ դեռ այն ժամանակ, երբ գրեթե ոչ ոք չէր խոսում այդ մասին: Եվ երբ պարբերաբար հետաքրքրվում էի այդ հարցերով, որոշակի դրական փոփոխություններ նկատեցի, այնուամենայնիվ: Մյուս հարցերի դեպքում էլ է այդպես: Օրինակ՝ երբ գրում ես գլոբալիզացիայի մասին, երբ մարդիկ սկսում են հասկանալ դրա էությունը, արդեն որոշակի հաղթանակ է, արդեն ինչ-որ զգացողություն ես ունենում, թե դու պաշտպանված ես: Չարի ուժն այն է, որ նրան չեն ճանաչում: Գաղտնի գործելով՝ այդ ուժերն աշխարհը բերել-հասցրել են այն վիճակին, որ խնդիրը մեկ-երկու մարդու, մեկ-երկու պետության շրջանակներով չի սահմանափակվում: Միշտ էլ անելանելի վիճակներ եղել են մարդկության կյանքում: Առաջ դրանք եղել են փոքր, լոկալ հարցեր, հիմա գլոբալ են: Բայց երբ էլ մարդը որոշել է դուրս գալ իրեն կաշկանդող, կաղապարող վիճակից, ելքը գտել է: Մեզնից բարձր ուժեր կան, և ամեն բան մեր ձեռքերում չէ: Բայց մենք պիտի անենք այն, ինչ հնարավոր է, և չմոռանանք, որ վերջին խոսքը միշտ Աստծունն է:
-Այդ մտքով էլ եզրափակում ես գիրքդ. «Եվ… պետք չէ հուսահատվել. ինչ էլ լինի, միշտ պետք է հիշել, որ մարդը որոշում է, բայց վերջին հաշվով տնօրինում է Աստված…»:
-Այն, ինչ պիտի լինի, կլինի: Հաճախ է չարի ուժը գերիշխում, թվում է, թե այլևս ելք չկա, թե լիովին դատապարտված ենք: Բայց հանկարծ այնպես է ամեն բան շրջվում, որ չես կարողանում հավատալ, տրամաբանորեն ըմբռնել կատարվածը: Հենց թեկուզ վերցնենք մեր հաղթանակը Արցախյան պատերազմում: Ոչ մեկը լուրջ չի ընկալում այն, ինչ կատարվեց Արցախում: Մենք մեր հաղթանակները կարգին գնահատել էլ չգիտենք: Արցախի ազատագրումը հրաշք էր: Երկրագնդի վրա բոլորը գուցե զարմացած են, բացի մեզնից: Արցախի հաղթանակը ոչ մի տրամաբանություն, ոչ մի հիմնավորում չունի, չնայած, խոսք չկա, մեր հերոսները ողջ նվիրումով էին պայքարի դուրս եկել: Բայց ամեն ինչ Աստված է վճռում, և այն Ոգին, որը նույնպես ի վերուստ է մեզ տրված: ՈՒ եթե դու ճիշտ քայլ ես անում, Աստված կողքիդ է լինում: Բայց եթե ծուլության մատնվես, վախիդ տրվես, եթե մտածես, որ չարը անպարտելի է, այդ ժամանակ Աստված կլքի քեզ, ու դու կմնաս վտանգի դեմ մեն-մենակ:
«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԽԱՌՆԱՇՓՈԹՆ ՍՏԵՂԾԵՑԻՆ ՄԱՍՈՆՆԵՐԸ»
-Սահմռկեցուցիչ փաստերի ու կանխագուշակությունների ենք հանդիպում Մեծ Բրիտանիայի հետախուզության սպա, դոկտոր Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն» գրքից բերված քաղվածքներում ու դրանց վերաբերյալ քո մեկնաբանություններում: Եվ այդ բոլորի արձագանքները մենք տեսնում ենք մեր այսօրվա իրականության մեջ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, արաբական աշխարհում, մեր հարևան երկրների վարքագծում: Ասել է՝ դա կոնկրետ ծրագիր է, համակարգված ինչ-որ գործընթաց, որը մտահղացել է չարի հանճարը: Դրա դեմ պայքարում մենք ունե՞նք Աստծո բարեհաճությունը, Նա մեր «դաշնակի՞ցն» է այս պատերազմում:
-Դա իսկապես չափազանց լավ մշակված, չափազանց արդյունավետ գործող համակարգ է: Եվ նոր բան չէ: Այդ ամենի արմատները գնում-հասնում են հարյուրամյակների խորքերը՝ մինչև 1915-ի ցեղասպանություն ու դրանից էլ առաջ: Իրենք փոքր-փոքր քայլերից աճեցին ու դարձան մոլորակի այսօրվա գլոբալ ուժերը: Այդ ուժերն իսկապես կան, ամեն բան հենց իրենք են ուղղորդում, չարն է իրենց առաջնորդը: Եվ արտաքուստ նրանք աշխատում են չերևալ: Բայց քանի որ ինչ-ինչ ճանապարհներով մարդկությանը հասու են դարձել իրենց նպատակները, հիմա էլ փոխել են իրենց մարտավարությունը. արդեն չեն թաքնվում, սկսել են որոշ չափով բացահայտ գործել: Եվ քանի որ, խավարի ուժերին ապավինած, նրանք նպատակ ունեն, մարդկությանը ոչնչացնելուց բացի, նաև մարդկային, աստվածային արժեքները ոչնչացնել՝ դրանք փոխարինելով չարի «արժեքներով», ապա պետք է մենք էլ առաջին հերթին ուժեղացնենք և ամրացնենք քրիստոնեական մեր հավատի հիմքերը: Որովհետև դա է ամենաճիշտ, Աստծո էությունն ամենախոր արտահայտող կրոնը: Եթե մարդկությունը՝ Աստծո հետ դաշնակցած, չպայքարի դրա դեմ, ամբողջ մոլորակում կտիրեն սատանիզմը, մոգությունները, մարդկությունից բան չի մնա, և մնացողներն էլ ընդամենը կլինեն չարի ստրուկներ:
-Մարդը մշտապես տարված է ազատության տենչով, ձգտում է օր օրի ավելացնել իր ազատության սահմանները: Մի՞թե մասոններից, դրանց օթյակներից, մեր կյանքը ինչ-որ կոճակներով կարգավորել փորձող տարատեսակ ու բազմանուն ուժերից ազատագրվելն այդքան դժվար է:
-Ազատության ձգտումն ամենաճիշտ ձգտումներից է, իհարկե, և մեր մեջ կա հենց ծննդից. բարուրից ազատվելու ձգտումը առաջին դրսևորումն է: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկն ավելի ազատատենչ է, քան ես եմ եղել: Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ չափից դուրս ազատությունները, չափից դուրս իրավունքները, գոնե աշխարհային սահմաններում, կարող են վերածվել սանձարձակության, գործել ավերածություններ: Ցանկացած երևույթ եթե որոշակի սահմանների մեջ չդնես, ճիշտ արդյունք չես ստանա: Ազատության հետ պետք է շատ զգույշ վարվել: Ազատություն տենչալիս մենք նախ պիտի հասկանանք, թե որն է մեր կապանքը: Մենք նախ պիտի տեսնենք մեր դեմ կանգնած վտանգը, որ հետո ազատության ձգտումն արթնանա: Հենց մարդու մեջ եղած ազատության բնական տենչից են շատ հմտորեն օգտվում մարդկության թշնամիները. «մարդու իրավունքներ» ասվածը՝ իր ամենուր տարածվող լոզունգներով, հրեշավոր բան է: Այսօրվա անբարո մթնոլորտը, Եվրոպայի վախճանը նախապատրաստելը սկսվել են հենց «մարդու իրավունքների» մասին լոզունգներից: Որովհետև այդ իրավունքների պաշտպանությունը իրագործվեց խաթարված ձևով՝ առաջ գցեցին շեղված և դատապարտելի փոքրամասնությունների ազատությունները, անհատի իրավունքը գերակայվեց մարդկության, ազգի և պետության շահից և իրավունքներից, որից հետո մենք հասանք նրան, ինչին որ հասանք:
«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՆԱԵՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԱՎԹԻ ՆՄԱՆ ԾՈՒՌ ԵՆՔ»
-Այսօր ռուս-թուրքական խլրտումների մի փուլ է սկսվել, որից մենք ինչ-ինչ ակնկալիքներ ունենք: Ի՞նչ ես կարծում, մեզ չի՞ սպառնում ռուս-թուրքական հակամարտության՝ հարյուր տարի առաջ գրանցած սարսափելի հեռանկարը: Հիմա ուժեղների բախումից կործանվելու հավանականությունն ավելի քի՞չ է, քան հարյուր տարի առաջ, երբ մենք ցեղասպանվեցինք, հայրենազրկվեցինք, ունեզրկվեցինք ու դարձանք սերնդեսերունդ մեր ապրածի բարդույթը փոխանցող ժողովուրդ:
-Ես շատ զգուշանում եմ, երբ մենք ոգևորվում ենք դրսի որևէ ուժի գոյությամբ, օտարից եկող օգնությամբ: Այդ ամենին կուրորեն վստահելով՝ մենք արդեն զգալիորեն փոքրացել ենք մեր թվաքանակով, մեր տարածքներով, մեր ունեցվածքով: Բայց և այսօր պարզ է, որ ինքներս միայնակ դժվար թե կարողանանք այս գլոբալ գործընթացներում մեր հարցերը լուծել և թշնամիների դեմ հոխորտալ: Չնայած, երբ, այնուամենայնիվ, ստիպված ենք եղել մենակ մնալ և սեփական ուժերին ապավինել, մեր Ոգին հրաշքներ է գործել: Ինչևէ, չարժե բացահայտ ռիսկի գնալ և մենության դատապարտվել: Անգամ հզոր պետություններն ունեն կողմնակի աջակցության կարիք: Ամբողջ մարդկության պատմությունն է վկայում, որ որևէ պետություն, ինչքան էլ մեծ ու հզոր լինի, միայնակ չի տարել իր մեծ ու կարևոր հաղթանակները: Բոլորին էլ դաշնակիցներ են պետք: Եթե անգամ այդ դաշնակիցը չի օգնում, ապա գոնե պետք է ապահով լինել, որ չի կանգնի քո թշնամու կողքին: Եվ այսօր մեզ համար, որպես հուսալի դաշնակից, այնուամենայնիվ, մնում է Ռուսաստանը: Ճիշտ է, մենք նույն այդ Ռուսաստանի պատճառով էլ շատ հարվածներ ենք կրել, մեծ կորուստներ ունեցել: Բայց որպես համախոհ, նույն արժեքներին ձգտող և հավատարիմ՝ անկասկած, ոչ թե Արևմուտքն է, որտեղ բացահայտ կործանման հեռանկարն է, այլ Ռուսաստանը, որն այդ կործանարար թափին դիմակայող միակ լուրջ ուժն է: Իհարկե, դաշնակցել պետք է՝ բնավ էլ գլխապատառ չնետվելով նրա գիրկը, այլ հիշելով մեր գլխով անցածը, դրանից հետևություններ անելով ու ճիշտ կեցվածք ընդունելով: Մենք պետք է նաև ցույց տանք, որ մեր Դավթի նման ծուռ ենք, կարող ենք մեկ էլ ծռվել ու իրենից հեռանալ: ՈՒ երբ մեր երկրի ներսում Ռուսաստանի դեմ խոսողներ են լինում, ես դրան լավ եմ վերաբերվում, եթե, իհարկե, դա չափավոր է: Մտածում եմ, որ դա էլ է պետք, թող ռուսները շատ վստահ չլինեն, թե մենք լիովին իրենցն ենք, իրենցից դժգոհելու, հեռանալու տարբերակների մասին չենք մտածում: Այլ կարծեն, որ նաև իրենք մեզ չկորցնելու, մեր դաշնակիցը լինելու հարցում պետք է շահագրգիռ լինեն: Սա դիվանագիտություն է, որտեղ նրբություններ են ենթադրվում: Բոլոր դեպքերում, ամենաջերմ հարաբերությունների ժամանակ էլ միշտ հարկ է խիստ աչալուրջ և զգոն լինել՝ աչքի առաջ ունենալով նաև այն հնարավոր հեռանկարը, որ ցանկացած պահի կշեռքի նժարը կարող է թեքվել հակառակ կողմը, որ մենք կարող ենք մնալ միայնակ, խաբված: Պարզ է, որ Ռուսաստանի համար իր շահն առաջնային է: Եվ բոլոր պետությունների և ազգերի համար է այդպես, երևի թե՝ հայերից բացի: Հայը կարող է իրենից թույլին խղճալ և իրեն նույնիսկ վնասելով՝ տեր կանգնել: Դրան մենք օտարասիրություն ենք ասում, և դա մեզ լավ բանի չի բերել: Բայց հիմա այդպիսին ենք: Սա էլ ուրիշ խոսակցության նյութ է: Մեր հոգեբանությունն էլ պետք է լավ ուսումնասիրվի և գտնվի դրա բացատրությունը: Վերջում՝ ամենակարևորը. վերադառնանք Աստծուն, ումից պիտի գա մեր փրկությունը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ